Պօղոսը ըսաւ Պետրոսին՝
– Ընկերս կ’ըլլա՞ս, Պարո՛ն Պետրոս…
– Կ’ըլլամ, կ’ըլլամ, Պարո՛ն Պօղոս…
Պօղոսը եւ Պետրոսը
նստան ելան,
ընկեր դարձան՝
երկու ընկեր…
Ինչո՞ւ երկու…
Պետրոսը ըսաւ Մարկոսին՝
– Ընկերս կ’ըլլա՞ս, Պարո՛ն Մարկոս…
– Կ’ըլլամ, կ’ըլլամ, Պարո՛ն Պետրոս…
Պօղոսը, Պետրոսը եւ Մարկոսը
նստան ելան,
ընկեր դարձան՝
երեք ընկեր…
Ինչո՞ւ երեք…
Մարկոսը ըսաւ Մարտիրոսին՝
– Ընկերս կ’ըլլա՞ս, Պարո՛ն Մարտիրոս…
– Կ’ըլլամ, կ’ըլլամ, Պարո՛ն Մարկոս…
Պօղոսը, Պետրոսը,
Մարկոսը եւ Մարտիրոսը
նստան ելան,
ընկեր դարձան՝
չորս ընկեր…
Պօղոսը, Պետրոսը,
Մարկոսը եւ Մարտիրոսը,
չորս ընկեր,
ժամը չորսին,
նստան ճատրակ խաղացին…
Պօղոսը, Պետրոսը,
Մարկոսը եւ Մարտիրոսը,
չորս ընկեր,
ժամը չորսին,
չո՛րս ժամ
նստան ճատրակ խաղացին…
Պօղոսը, Պետրոսը,
Մարկոսը եւ Մարտիրոսը,
չորս ընկեր,
չորս եւ չորս՝
ժամը ութին,
չորսի խաղը վերջացուցին,
ոտքի ելան ու ըսին՝
– Մինչ վաղը,
ժամը չորսին…